Գարեգին Բ-ն ընդունել է շփման գծում ծանր վիրավորում ստացած սերժանտ Գեւորգ Դադասյանին


12-10-2017 17:19:27

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է 2016 թ. նոյեմբերին` ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ժամանակ, ծանր վիրավորում ստացած սերժանտ Գեւորգ Դադասյանին` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Վրթանես եպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ զինվորը, Նորին Սրբության օրհնությամբ ամիսներ առաջ մեկնելով Հնդկաստան, Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության աջակցությամբ անհրաժեշտ բուժում է ստացել:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու մաղթանքները բերելով քաջարի հայորդուն, նշեց, որ մեծ մխիթարություն է որեւէ կերպ զորավիգ լինել իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած արիասիրտ զավակներին, որոնց ծառայությամբ ապահով եւ անվտանգ են պահվում հայրենյաց սահմանները: Վեհափառ Հայրապետը նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այսուհետ եւս կշարունակի աջակցություն ցուցաբերել վիրավոր զինվորներին իրենց բուժման եւ ապաքինման հարցում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:


842





Գլխավոր լուրեր