Խորհրդարանական լսումներում քննարկվել են պաշտպանության ոլորտի օրենսդրական նոր կարգավորումները


11-10-2017 21:02:25

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունեցել «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության, քաղաքական ուժերի, շահագրգիռ գերատեսչությունների եւ հաստատությունների, փորձագիտական, ակադեմիական եւ ուսումնական շրջանակների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ սահմանադրական փոփոխություններին համապատասխան անվտանգության եւ պաշտպանության բնագավառում մեկնարկել են լրջագույն բարեփոխումներ, որոնց շրջանակում առանցքային է համապատասխան օրենսդրության վերանայումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Պաշտպանության մասին» ու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը, որոնք սահմանված կարգով համակողմանի քննարկվել են խորհրդարանական հարթակում: Նրա խոսքով՝ զինվորական ծառայությանն առնչվող օրենսդրական նոր կարգավորումներն էական փոփոխություններ են նախատեսում զինված ուժերի համալրման, զինծառայության, այդ թվում՝ մարտական հերթապահության կազմակերպման հարցերում:

Կորյուն Նահապետյանն անդրադարձել է օրենսդրական կարգավորմամբ առաջարկվող նոր մեխանիզմներին, մասնավորապես զինվորական ծառայության նախապատրաստությանը, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտմանը, զինվորական հաշվառմանը վերաբերող հարցերին:

Պարոն Նահապետյանը կարծիք է հայտնել, որ զորակոչի կազմակերպման մասով անհրաժեշտ է քննարկել տեղական զորակոչային հանձնաժողովների վերացման հնարավոր ռիսկերը: Նա զինված ուժերի համալրման եւ զինվորական ծառայության կազմակերպման համատեքստում կարեւորել է պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայության նոր նախաձեռնությունների արդյունավետությունը եւ նշել, որ անհրաժեշտ է գնահատել բուհն ավարտած եւ սպայական կոչում ստացած զինծառայողների՝ սպայական կազմում ինտեգրմանն առնչվող կարգավորումները: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հարկավոր է քննարկել ՀՀ քաղաքացի չհանդիսացող մեր հայրենակիցներին պետության պաշտպանությանը ներգրավելուն առնչվող հարցերը: Կորյուն Նահապետյանը, նշելով, որ ակնկալում է բովանդակային եւ արդյունավետ քննարկում, ընդգծել է, որ հանձնաժողովն ականջալուր է լինելու բոլոր առաջարկներին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է պաշտպանության ոլորտի օրենսդրական կարգավորումները, որոնք վերջին վեց ամիսների ընթացքում լայն քննարկումների փուլ են անցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն օրենսդրական կարգավորումներով երեք հիմնական նպատակ է հետապնդում՝ սահմանադրական բարեփոխումների գործադրման իրավական ապահովում, կոդիֆիկացում ու կոնսիլիդացում եւ «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի իրագործման համար իրավական հիմքի ստեղծում:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ օրենսդրական կարգավորման հիմքում դրված քաղաքականության նպատակն է զինված ուժերում ծառայությունը դարձնել սոցիալական վերելակ եւ՛ սպայական, եւ՛ շարային կազմի համար, ապահովել զինծառայողների ինտեգրումը հասարակությանը, բարձրացնել պահեստազորի արդյունավետությունը, տարկետումների զգալի մասը փոխարինել արտոնություններով, ամրապնդել հասարակության վստահությունը զինված ուժերի նկատմամբ: Նախարարն ընդգծել է, որ օրենքի փոփոխությամբ կատարվելու է հիմնական հասկացությունների հստակեցում ու համապատասխանեցում Սահմանադրությանը, սոցիալական քաղաքականության ճկունության ամրապնդում, ժամկետային ծառայության խնդիրների հստակեցում: Փոփոխությունները միտված են լինելու ծառայությունից խուսափողների համար պատժի խստացմանը:

Վիգեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի նպատակներն ու իրավական կարգավորումները: Ծրագրերը նպատակ ունեն ամրապնդելու բանակ-հասարակություն կապը, մատնանշելու եւ ախտորոշելու հասարակության մեջ առկա խնդիրները հենց ծառայության ժամանակ, այլ ոչ թե ծառայությունն ավարտելուց հետո:

Առաջարկվում է լուծել սպաների բնակարանային ապահովման հարցը. նախատեսվում է ներդնել սպայական անձնակազմի բնակարանային ապահովման նոր՝ առավել արդյունավետ համակարգ: Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաեւ բուժզննման նոր կարգը: Նշվել է, որ կվերանան տեղական զորակոչային հանձնաժողովները: «Պատիվ ունեմ» ծրագրով նախատեսվում է տարկետում տալ հավատարմագրված բուհերի արական սեռի 100-150 ուսանողների, որոնք ընթացքում իրենց հիմնական կրթությունը կստանան ռազմական ուսումնական հաստատություններում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով՝ Հայաստանում զինծառայողների ազատությունների ու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու ուշադրության կենտրոնում, պետական մարմիններն ու քաղհասարակության ներկայացուցիչները պետք է իրենց հնարավորությունների սահմաններում ջանքեր գործադրեն՝ նպաստելու զինված ուժերում իրավունքների պաշտպանության համակարգի իրապես արդյունավետ գործունեության համար: ՄԻ պաշտպանը նշել է, որ իրավունքների պաշտպանության առումով մարտահրավերներ կան նաեւ ՀՀ զինված ուժերում, զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում. խոսքը վերաբերում է ՀՀ զինված ուժերում իրավական պաշտպանության մեխանիզմներ սահմանող ակտերի գործողությանը, դրանց գործնական լիարժեք կիրառությանը, այդ համակարգում իրավագիտակցության մակարդակի շարունակական բարձրացմանը: Պարոն Թաթոյանը կարծիք է հայտնել, որ զինված ուժերի համակարգում պետք է ստեղծվեն իրական կյանքում կիրառելի երաշխիքներ, որոնք յուրաքանչյուր զինծառայողի հնարավորություն կտան անմիջականորեն զգալու դրանց գործադրման արդյունքը: Արման Թաթոյանն ընդգծել է, որ բանակում իրավունքների պաշտպանությունը արդյունավետ չի լինի առանց օրենսդրական պատշաճ կարգավորումների եւ հավելել, որ իրենց աշխատակազմի դիտարկումների արդյունքում ոլորտում առկա խնդիրների մեծ մասը պայմանավորված է օրենսդրական ոչ հստակ կարգավորումներով, դրվագային լուծումներով:

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Տաբակյանը մի շարք դրույթների վերաբերյալ ներկայացրել է առաջարկներ, որոնք մասնավորապես վերաբերում են պահեստազորի հզորացմանը, զինծառայողների խրախուսմանը, բժշկական ծառայության մատուցման կազմակերպմանը, զինծառայողի՝ կրթություն ստանալու երաշխիքներին եւ այլ հարցերի:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» վերլուծական կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը նշել է, որ ապրիլյան պատերազմի օրերից հետո պաշտպանության ոլորտում սկսվեցին նոր գործընթացներ՝ նոր մոտեցումներով: Նա կարեւորել է օրենքի լիարժեք կենսագործման համար համապատասխան մեխանիզմների առկայությունը, զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական լիակատար վերահսկողության ուժեղացումը: Պարոն Պողոսյանն անդրադարձել է էլեկտրոնային համակարգում քաղաքացու առողջության վերաբերյալ ստուգումների կարեւորությանը: Նա կարծիք է հայտնել, որ զինվորական կոմիսարիատների բազաներն էլեկտրոնային դարձնելը կարող է հեշտացնել պահեստազորային հարցերի կարգավորումը: Պարոն Պողոսյանի կարծիքով՝ դպրոցներում պետք է առավել առարկայական ու գործնական դարձնել նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդումը:

Ելույթներում եւ հարցադրումներում ՀՀ ԱԺ պատգամավորները եւ խորհրդարանական լսումների մյուս մասնակիցներն անդրադարձել են սպաներին բնակարանով ապահովելու ծրագրին, սպայական կազմի՝ գործարարությամբ զբաղվելուն, նրանց պարգեւատրումներին, նպատակային եւ ակտիվ պահեստազորային համակարգին, սպայական կազմում արտերկրի մասնագետների համալրմանը, քաղաքացիների զինվորական հաշվառմանը, պահեստազորային կցագրմանը, զորահավաքային ամրագրմանը, զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման եւ բժշկական փորձաքննության կազմակերպմանը, զինծառայողների սոցիալական ապահովությանը եւ այլ խնդիրների:

Եզրափակիչ ելույթներում Թեւան Պողոսյանը եւ Արման Թաթոյանը կարեւորել են գործնականում կիրառելի օրենքի ընդունումը:

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է հնչած առաջարկներին եւ մտահոգություններին, պարզաբանումներ ներկայացրել:

Ամփոփելով լսումների աշխատանքը՝ Կորյուն Նահապետյանը կարեւորել է խորհրդարանական հարթակում նման ընդգրկուն քննարկումները՝ նշելով, որ ՀՀ կառավարության ներկայացրած նախագծերը նպատակ ունեն նպաստելու ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը եւ համալրմանը: Նա ընդգծել է, որ հնչած բոլոր առաջարկներն ու մտահոգությունները կքննարկվեն հանձնաժողովում:


722





Գլխավոր լուրեր