Փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանի հանդիպումը Հայաստան-Շվեյցարիա առևտրի պալատի նախագահի գլխավորած պատվիրակության հետ


11-10-2017 18:57:06

 

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն ընդունեց Հայաստանում ճանաչողական այցով գտնվող շվեյցարական պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Շվեյցարիա առևտրի պալատի նախագահ, «Հայաստանի օգնության հիմնադրամ»-ի խորհրդի անդամ Մայք Բարոնյանը, հիմնադրամի անդամներ, լրագրողներ:

Հանդիպման սկզբում նախարարի տեղակալն ընդգծեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև հետագա առևտրատնտեսական համագործակցության զարգացման կարևորությունը, մասնավորապես՝ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության համատեքստում:

Զրուցակիցները կարևորեցին Հայաստան-Շվեյցարիա նորաստեղծ առևտրային պալատի գործունեությունը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնմանը:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրը, դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելուն միտված բաց դռների քաղաքականությունը, անդրադարձավ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունից բխող առավելություններին, տնտեսության առաջատար ճյուղերին և դրանց զարգացման հեռանկարներին: Այս առումով նախարարի տեղակալն ընդգծեց Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված առաջընթացը:

Պատասխանելով հյուրերին հետաքրքրող հարցերին՝ Ռոբերտ Հարությունյանն անդրադարձավ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, կրթական բարեփոխումներին, տրանսպորտային ենթակառուցվածքներին ու լոգիստիկ հնարավորություններին:

 

 

 

 


690





Գլխավոր լուրեր