Հանդիպում հանձնաժողովում


11-10-2017 17:53:24

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 11-ին հանդիպել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր մտահոգություններն է ներկայացրել ԱՀԿ կողմից Հայաստանում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ:

Եգոր Զայցեւը նշել է, որ ԱՀԿ-ը բոլոր երկրների առողջապահական համակարգերը դիտարկում է երկու տեսանկյունից՝ նպատակների եւ գործառույթների, եւ յուրաքանչյուր երկրում անցկացվող բարեփոխումների համար կազմակերպությունը կարող է առաջարկել իր մոտեցումները՝ վիճակը բարելավելու նպատակով:

Ըստ հայաստանյան գրասենյակի ղեկավարի՝ նախորդ տարի ուսումնասիրություններ են անցկացվել թե՛ քաղաքային, թե՛ գյուղական բնակավայրերում հետեւյալ հիվանդությունների ուղղությամբ՝ սիրտ-անոթային, շնչառական, օնկոլոգիական եւ շաքարախտ: Կազմվել է զեկույց, որը կներկայացվի հանրությանը մինչեւ տարեվերջ: ԱՀԿ-ը, ընդգծելով իրավիճակի բարելավման հնարավորությունը, խորհուրդ է տալիս աշխատել սիրտ-անոթային հիվանդությունների եւ շաքարային դիաբետի կանխարգելման ուղղությամբ:

Նմանատիպ հետազոտություններ կազմակերպությունն անցկացնում է 4-5 տարին մեկ անգամ աշխարհի շուրջ 180 երկրում, եւ ուսումնասիրությունների արդյունքում կազմված զեկույցների հիման վրա կազմվում են տվյալ երկրի հետ ԱՀԿ-ի համագործակցության ծրագրերը:

Եգոր Զայցեւը ներկայացրել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի առաջիկա ծրագրերը եւ առաջնահերթությունները՝ հեպատիտի, տուբերկուլոզի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հետ կապված:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստանում իրականացվող պատվաստումներին, պանդեմիկ գրիպի դեմ պայքարին եւ վերարտադրողական առողջությանը վերաբերող ծրագրերին:

Հանդիպման ավարտին Եգոր Զայցեւը եւ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները պատասխանել են Հակոբ Հակոբյանի եւ հանձնաժողովի անդամների հարցերին:

 


693





Գլխավոր լուրեր