Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկիին


21-04-2017 15:40:35

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկիին:

Կառավարությունից հայտնում են, որ նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետը կարեւորել է երկկողմ համագործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես, տնտեսության բնագավառում: Կարեն Կարապետյանը ընդգծել է Հայաստանում լեհական ընկերությունների գործունեության հաջող օրինակներ եւ անհրաժեշտ համարել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների էլ ավելի ակտիվացումը, ինչպես նաեւ գործարար համաժողովների անցկացումը: «Մենք ունենք բազմաթիվ ներդրումային նախաձեռնություններ եւ ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ դրանք նաեւ լեհ գործարարներին ներկայացնելու հարցում: Համոզված եմ, տնտեսական կապերն ակտիվացնելու եւ զարգացնելու համար ունենք մեծ ներուժ»,- նշել է վարչապետը:

Դեսպանը եւս կարեւորել է երկու երկրների գործարարների համագործակցությունը, առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը եւ վստահեցրել, որ այդ ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քայլեր: Եժի Նովակովսկիի խոսքով, բազմաթիվ լեհ գործարարներ շահագրգռված են հայկական շուկա մուտք գործելու հարցում եւ պատրաստ ներգրավվել վերականգնվող էներգետիկայի, շինարարության, տրանսպորտի ու այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրերում:

Հայ-լեհական կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարեւորել են նաեւ Վարշավա-Երեւան ավիաչվերթերի վերագործարկման փաստը: Կարեն Կարապետյանը եւ Եժի Նովակովսկին անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:







Գլխավոր լուրեր