«Իրատես». Եթե այսօր Կարապետյանի «յուրահատուկ» ածականներով բառապաշարը քննադատության չի արժանանում, դա դեռ չի նշանակում, որ միշտ է այդպես լինելու


21-04-2017 11:38:33

«Քաղաքական գործչի, պետական այրի անմիջական բառապաշարը գրավում է հանրությանը։ Սակայն միշտ չէ, որ այն հօգուտ այդ գործչի է աշխատում։ Վարչապետ Կարեն Կարապետյանը մշտապես աչքի է ընկնում ժողովրդական բանահյուսության, բառուբանի օգտագործմամբ։ Այս փաստը շատ ցցուն արձանագրվեց քարոզարշավի ընթացքում։ «Հինգ տարվա ծրագրի մասին երեք ամիս ա զռռում եմ», «Ես ինչի՞ եմ էս հինգ տարվա ծրագիրը դոմփում, դոմփում, դոմփում, որովհետեւ եթե այդ ծրագիրը չլինի, մենք չենք իմանա, թե որտեղ ինչ անենք։ Մենք պիտի գոնե մի օր գույքագրենք մեր դարդուցավը, հետո մեր լոբիները հաշվենք, հետո՝ համայնքի», իսկ վերջերս էլ հայտարարել է. «Ձեզանից ակնկալում եմ «գմփոց» ռեֆորմներ», երեկ էլ թե` «ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա»։ Կարելի է շատ օրինակներ բերել։

Առայժմ նրա անմիջականությունն ընդունվում է, սակայն եթե 2018-ին Կարեն Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում, այսինքն` դառնա երկրի առաջին դեմքը, միթե նրա բառապաշարը այսպիսի հանդուրժողականության կարժանանա։ Հազիվ թե։

Ի դեպ, հարազատ կուսակցությունում եւս արդեն խոսում են այն մասին, թե վարչապետի կենցաղային մակարդակի խոսքուզրույցը կամաց-կամաց պետք է իր տեղը զիջի։ Առավել եւս եթե նա 2018-ին երկրի առաջին դեմքը դառնալու հավակնություն ունի։ Ի վերջո, պետության ղեկավարների խոսքը բոլորի ուշադրության կենտրոնում է։ Եթե այսօր Կարապետյանի «յուրահատուկ» ածականներով բառապաշարը քննադատության չի արժանանում, դա դեռ չի նշանակում, որ միշտ է այդպես լինելու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։







Գլխավոր լուրեր