«Ժողովուրդ». Եթե Տարոն Մարգարյանն իրեն համարում է սիրված և ընդունված քաղաքապետ, ի՞նչ իմաստ ունի այդքան ենթաշտաբ բացելը


21-04-2017 10:18:35

«Այսօրվանից մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը. հիշեցնենք, որ այս ընտրություններում առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, որի ցուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքը, որի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ: Նոր Սահմանադրության պարագայում խորհրդարանական ընտրություններից հետո Երևանի ավագանու ընտրություններն իրենց կարևորությամբ կարելի է համարել երկրորդը, առավել ևս, որ մայրաքաղաքում է կենտրոնացած երկրի բնակչության զգալի հատվածը: և ահա այս ընտրություններում ևս իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է գործի դնել վարչական ողջ ռեսուրսները՝ ցանկալի արդյունքներ գրանցելու համար: Պատահական չէ, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական շրջանում արձակուրդ չի մեկնի, այլ ինչպես որոշել են ՀՀԿ երեկվա ԳՄ նիստի ժամանակ, քարոզչությունն անելու են ոչ աշխատանքային ժամերին՝ 18.00-ից հետո: Բայց սա ինքներդ եք հասկանում, որ ասվում է ձևական՝ ընդամենը տպավորություն ստեղծելու համար, թե իրենք պահպանում են օրենքը: Բայց իրականում բոլորը գիտեն, որ քաղաքապետարանն ու վերջինիս ենթակայության տակ գտնվող հիմնարկները հատկապես այս օրերին ամբողջովին զբաղվելու են ընտրություններով՝ ցուցակներ հավաքագրել, մարդկանց վրա ազդել, համոզել ՀՀԿ օգտին քվեարկել, հարկ եղած դեպքում՝ արտոնություններ տալ, և այսպես շարունակ: Ի դեպ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, թե մոտ 460 ենթաշտաբ է գործելու. հետաքրքիր է՝ եթե Տարոն Մարգարյանն իրեն համարում է սիրված և ընդունված քաղաքապետ, ի՞նչ իմաստ ունի այդքան ենթաշտաբ բացելը: Թեև իրականում այս ենթաշտաբներն ընտրողներին կաշառելու և ահաբեկելու համար ստեղծված կառույցներ են, որոնք գործելու են ընտրությունների օրը: Հ.Գ. Ի դեպ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավը սկսեց օրենքի խախտմամբ. չնայած քարոզարշավն այսօվանից է սկսում, սակայն երեկվանից արդեն փակցված էին նրա քարոզչական պաստառները»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։







Գլխավոր լուրեր