Սամվել Բաբայանը դռնփակ նիստում հանդես է եկել հայտարարությամբ (տեսանյութ)


20-04-2017 21:31:54

Այսօր՝ ապրիլի 20-ին, Վերաքննիչ դատարանում քննվեց Սամվել Բաբայանի կալանավորումը, որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ կողմի ներկայացրած բողոքը: Քննությանը մասնակցում էր նաև Սամվել Բաբայանը, ով չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքը:

Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ ապրիլի 21-ին, ժամը 10:00-ին: Ապա նշեց, որ Սամվել Բաբայանը դռնփակ նիստում հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում էր, որ նա ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, ոչնչով հիմնավորված չեն այդ մեղադրանքները, իրեն անիմաստ են պահում, որ լինելով Արցախի հերոս, պատերազմի ժամանակ չի փախել, հիմա էլ չի փախչի։ Բաբայանը դատարանից խնդրել է նաև վերացնել իր կալանավորման որոշումը: Սակայն, թե՛ դատախազը, թե՛ քննիչն առարկել են՝ նշելով, որ առաջին ատյանի որոշումն օրինական է և հիմնավոր։

Սամվել Բաբայանը հանդես չի եկել քաղաքական հայտարարություններով: Փաստաբան Քալաշյանը նշեց, որ դեռևս չի տեսնում հիմքեր՝ հայտարարելու համար, թե Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է: Հիշեցնենք, որ «Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան» դաշինքի աջակից, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մեղադրվում է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան «Իգլա» զինատեսակ տեղափոխելու փորձի մեջ: Ավելի վաղ «ՕՐՕ» դաշինքի անդամները Բաբայանի ձերբակալումը կապել էին վերջինիս՝ դաշինքին աջակցելու հետ՝ հայտարարելով, որ նա քաղբանտարկյալ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 


454





Գլխավոր լուրեր