Տարոն Մարգարյան․ «Նման աշխատանքներին թող մասնագետները որակավորում տան»


20-04-2017 14:14:19

Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանը հորդորում է՝ մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքները գնահատեն մասնագետները:

Այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողները Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո միայն քաղաքապետարանը սկսեց ակտիվ աշխատանքներ իրականացնել, երբ արդեն օրեր առաջ փողոցներում հայտնվել էին «քառակուսի փոսեր»:

«Մասնագետները հայտարարել են, սա ընդամենը մասնագիտական մոտեցում է եւ խնդրում եմ, որ նման աշխատանքներին մասնագետները որակավորում տան եւ նման աշխատանքները մասնագետները մեկնաբանեն: Եթե այդ ասֆալտապատումը չիրականացնենք, վաղը կհայտնվեն փոսեր, կսկսեք խոսել դրանից, դրա համար թողեք մասնագետներն աշխատեն»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ քաղաքապետարանը սկսել է ասֆալտապատել մայրաքաղաքի փողոցները: Արդեն մի քանի շաբաթ է՝ հատկապես կենտրոնական փողոցներում «քառակուսի փոսեր» են հայտնվել, որոնք էլ խցանումների եւ վթարների պատճառ են հանդիսանում:

Մաշտոցի պողոտայում նմանատիպ փոսերի մասին ահազանգել էր նաեւ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նրա հայտարարությունից հետո միայն քաղաքապետարանը սկսեց արագորեն լցնել այդ փոսերը: Հետաքրքիր է, որ շատ երկրներում ասֆալտապատման աշխատանքները տեւում են ընդամենը օրեր կամ ժամեր:







Գլխավոր լուրեր