Արփինե Հովհաննիսյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը


20-04-2017 14:07:06

Կառավարության նիստին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում էր ՀՀ-ում 2003 թվականի ապրիլի 18-ի Քրեական օրենսգրքի 332-րդ, 338-րդ և 339-րդ հոդվածներում փոփոխություններ իրականացնել:

Նախարարի խոսքով՝ առաջարկվում է ՀՀ ՔԻ-ի 332-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «միջամտելը» բառից հետո լրացնել «այդ թվում՝ քրեական գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցները և այլ նյութերը ոչնչացնելու կամ վնասելու եղանակով» բառերը: Փոփոխությունը վերաբերում է քննիչի գործունեությանը միջամտելուն՝ բազմակողմի, լրիվ կամ օբյեկտիվ գործունեությանը խոչընդոտելուն:

ՀՀ ՔՕ-ի 338-րդ հոդվածում փոփոխությունը վերաբերում էր սուտ ցուցմունք տալուն, կեղծ եզրակացություն կազմելուն և սխալ թարգմանությանը. «Նախագծով առաջարկվում է, որ եթե անձը, որը տվել է սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն կամ սխալ թարգմանություն է արել, և նա այդ մասին հայտնում է մինչև դատական ակտ կայացնելը, ընդ որում կարևոր չէ՝ ցուցմունքը տվել է նախաքննությա՞ն ընթացքում, թե դատական քննության ընթացքում, եթե կամովին հայտնում է, ազատվում է քրեական պատասխանատվությունից: Քննության ընթացքում, եթե վարույթը կարճվում է, անձին պատասխանատվության ենթարկելու հարցը սուտ ցուցմունքի, կեղծ եզրակացության կամ սխալ թարգմանության համար կարող է բարձրանալ միայն, երբ դատական ակտ է կայացվում, և վարույթը կարճելու որոշումը մնում է անհետևանք»:

Նախագծով առաջարկվող վերջին փոփոխությունը վերաբերում էր ցուցմունք տալուց հրաժարվելուն: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ գործող իրավակարգավորումը միատեսակ է այն դեպքերի համար, երբ անձը հրաժարվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ցուցմունք տալուց:

«Նախագծով առաջարկվում է դրանք տարանջատել և պատասխանատվությունը խստացնել»,-ասաց նա։

 

Նախագիծն ընդունվեց:







Գլխավոր լուրեր