Նալբանդյան. Ադրբեջանում կարծում են, թե փողով կարող են հեղինակություն ձեռք բերել


20-03-2017 21:13:01

Խաղաղության ձգտելը առաջին հերթին նշանակում է խաղաղություն քարոզել, ոչ թե պատերազմ, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Արմինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց չկա, քանի որ Հայաստանը խաղաղություն չի ուզում։

«Խաղաղության ջատագով կողմը չի դիմում դիվերսիոն հարձակումների, կոպտորեն չի ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքը, մշտապես չի խախտում զինադադարի ռեժիմը և հրաժարվում ստեղծել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ։ Միայն Բաքվում են նման կերպ ընկալում խաղաղությունը, ինչպես երևում է այնտեղից հնչող հայտարարություններից։
Հայտնի է, թե ինչ փորձանքներ են բերել իրենց ժողովուրդների գլխին այն ղեկավարները, ովքեր արհամարհել են միջազգային իրավունքը և ջատագով են եղել հարցերը ուժով լուծելուն։

Իսկ համեմատությունների առումով. առաջին անգամ չէ, որ Բաքվում փայփայում են այն միտքը, թե իբր Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող մրցակից լինել, հետևաբար Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա։ Ադրբեջանում կարծում են, թե փողով կարող են հեղինակություն ձեռք բերել, բարեկամներ գնել, ինչ-ինչ կասկածելի բանաձևեր անցկացնել և դա ներքին լսարանին ներկայացնել որպես ձեռքբերում, հեղինակության ապացույց։

Իհարկե, Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի և այլ հիմնարար ազատությունների առումներով։ Վերջին տարիներին մենք ականատես եղանք, թե ինչ պատահեց ոչ պակաս հարուստ և ինքնագոհ բռնատիրական ռեժիմների հետ։ Մեր պետությունների և հասարակությունների զարգացման տրամաբանությունը և ուղղվածությունը հակադարձ համեմատական են», - նշել է Է.Նալբանդյանը։

 







Գլխավոր լուրեր