Հայրենասիրությունը չափացանզ կարևոր է պետական կառավարման համակարգի մեջ. Կարեն Կարապետյան


20-03-2017 20:17:15

«Ես առաջ կգնամ պրոֆեսիոնալների հետ: Բայց բացի պրոֆեսիոնալ լինելուց, ինձ պետք է հայրենասեր թիմ»,- նախընտրական քարոզարշավի շրջանակում Երևանի  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:

Նա նշեց, որ այսօրվա պետական կառավարման համակարգի վարձավճարումն այնպիսին է, որ պրոֆեսիոնալին այնտեղ ներգրավելը բավականին բարդ է:

«Այսօր իմ աշխատակազմում աշխատում են երիտասարդ, իրենց երկիրը սիրող, բանիմաց մասնագետներ, որոնց ես հիմնականում բերել եմ մասնավոր սեկտորից, այսօրվա իրենց աշխատավարձն այնտեղի աշխատավարձից տարբերվում է 3-4 անգամ: Նրանք համաձայնվել են այդ քայլին, որովհետև նրան մեջ պատրաստակամություն կա՝ մասնակցելու մեր երկրի փոփոխությանը: Բայց դա ընդմիշտ չի կարող լինել: Ես էլ եմ հասկանում, որ պատասխանատվություն ունեմ այդ երիտասարդ տղաների, աղջիկների  նկատմամբ, որովհտեև իրենք տուն պահելու խնդիր ունեն, բնակարան են առել, հիփոթեքը պետք է վերադաձնեն:

Եթե մենք պետական կառավարման համակարգում վարձավճարման համակարգը չփոխենք, ունենալու ենք  վատ որակի կառավարման համակարգ»,- ասաց Կ. Կարապետյանը:

Նրա խոսքով,  եթե լավ կառավարում չի լինում, ոչ մի բանը լավ չի կարող լինել:

«Չնայած շատ կարևոր է հարց է, բայց մենք  ինչո՞ւ այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև շատ չլուծված հարցեր կան: Հենց այդ հարցը բարձրացնեինք, մեր քաղաքացիները կասեին՝ սկսել են իրենցից, իրենց աշխատավարձերն են բարձրանում, միանգամից դառնալու էինք խոցելի: Հատկապես մեր այսօրվա միջավայրն այնպիսին է, որ շատ քիչ առիթ է պետք քննադատելու համար՝ առանց խորանալու:

Այդ իսկ պատճառով հայրենասիրությունը չափացանզ կարևոր է պետական կառավարման համակարգի մեջ, հատկապես որ ամբողջ համակարգը փոխելն անհնար է, ոչ էլ պետք է, բայց այսպիսի տեղեր, որոնք այդ բեռն իրենց վրա վերցնեն, այդտեղ նման մարդիկ են պետք»,- ասաց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: 







Գլխավոր լուրեր