Բելառուս բլոգերը՝ Արցախում. Ես ներողություն եմ խնդրում


20-03-2017 15:18:14

Որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի պետք է օգնել Ադրբեջանի հասարակությանն՝ ազատվելու այսօրվա իշխանություններից: Այսօր Արցախում տեղի ունեցող բլոգերների միջազգային ֆորումի ժամաaնակ ունեցած ելույթում նման հայտարարեց  անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյան:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին, փորձագետն իր խոսքը սկսեց պատմական ակնարկից՝ ներկայացնելով հակամարտության պատճառները, հետևանքներն ու այսօրվա իրադրությունը:

Ապրիլյան դեպքերի առնչությամբ Արզումանյանը նշեց, որ բոլորը հասկացան, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ըստ նրա, հայկական զինված ուժերը ապացուցեցին, որ ուժեղ են՝ «անգամ այսօրվա երիտասարդներն ավելի ուժեղ ու ամուր են քան Արցախյան առաջին պատերազմի մասնակից իրենց հայրերը»:

Քառօրյա այս պատերազմի ժամանակ պարզ դարձավ որ հայ ժողովուրդը կարողանում է օպերատիվ կերպով ինքնակազմակերպվել:

«Եթե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ինքնակազմակերպման համար պահանջվեց մի քանի շաբաթ, ապա ապրիլյան դեպքերից պարզ դարձավ որ հայ ժողովուրդը կարողանում է ինքնակազմակերպվել 4-6 ժամերի ընթացքում»,- նշեց փորձագետը և այդ պարագայում կարևորեց նաև սոցիալական ցանցերի ու բլոգոլորտի դերը:

Փարձագետի համոզմամբ, տարբեր սոցհարցումներ փաստում են, որ արցախցիների և ադրբեջանցիների խաղաղ գոյակցությանը խանգարում է Ադրբեջանի այսօրվա կլանային իշխանությունը:

«Որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի, միջազգային հանրությունը պետք է մտածի, թե ինչպես «ապամոնտաժի» Ադրբեջանի այսօրվա իշխանություններին: Պետք է օգնել ադրբեջանական հանրությանը ազատվել այդ չարիքից, միջազգային իրավունքի կամ դատարանների միջոցով, այս 25 տարիների ընթացքում թշնամանքի սերմանման, վիճակն այսօրվա հասցնելու համար»,- նշեց Արզումանյանը:

Պատերազմի հավանականության մասին խոսելով, Արզումանյանը նշեց, որ եթե անգամ լինի պատերազմ այն չի ունենալու լոկալ բնույթ՝ հիշեցնելով Մերձավոր Արևելքի իրադրությունը և որ այդ գործողությունները կատարվում են Հարավային Կովկասից 500 կմ հեռավորության վրա:

Փորձագետը ներկայացնելով իրավիճակը, կոչ արեց բլոգոլորտի ներկայացուցիչներին իրենց ներգրավվածությամբ նաև աջակցեն իրավիճակի շտկման ուղղությամբ:

Ընդմիջման ժամանակ Բելառուսը ներկայացնող բլոգեր Ալեքսանդր Գոյշիկը Լապշինի դեպքը նկատի առնելով նշեց, որ չի կարծում, թե «Բելառուսի իշխանությունները իրենց քաղաքացուն կփոխեն նավթի հետ, ինչպես դա արվեց Լապշինի դեպքում»:

Լապշինի գործին անդարդառնալով բլոգերը նշեց, որ բարդ է, երբ մարդ որպես խաղաքար հայտնվում է մեծ քաղաքական խաղի մեջ: Ըստ բլոգերի, Բելառուսի իշխանությունները Լապշինի խաղաքարն օգտագործել են, Մինսկի և Մոսկվայի հարաբերությունների պատճառով:

«Այս քայլը բացասական ազդեցություն ունեցավ մեր երկրի միջազգային վարկանիշի վրա: Հասկանալի դարձավ, որ մենք ոչ մի նավթ էլ չստացանք արդյունքում և պարտվեցինք բոլոր կողմերում: Ես ներողություն եմ խնդրում ռուսներից, բելառուս ժողովուրդը չի որոշում, բայց մենք բոլորս դեմք ենք եղել մեր իշխանությունների նման որոշմանը»,- նշեց Գոյշիկը:

Մոսկվայից ժամանած բլոգեր/լրագրող Անտոն Նոսիկի կարծիքով, շատ կարևոր է, որ ԼՂ հակամարտության վերաբերյալ կարծիք արտահայտողները մեկ անգամ գոնե լինեն Արցախում:

«Իմ աշխատանքը ազատ կարծիք արտահայտելն է, սակայն կա ռեժիմ, որի համար դա անընդունելի է: Եթե կա կածիք, ապա դա իրենց կարծիքն է, իսկ տարբերվող կարծիք արտահայտողներին բանտարկում են: Չեմ պատրաստվում այդ ռեժիմի հետ հաշվի նստել»,- նշեց Նոսիկը:

Քանի որ առաջին անգամ է լինում Արցախում ռուս բլոգերը նշեց, որ մինչ այցելությունը այլ կերպ էր պատկերացնում Արցախը, որ այն միջազգայնորեն չճանաչված պատերազմի շեմին գտնվող երկիր է ու զարգացման նշաններ չպետք է լինեն:

«Սակայն ես տեսնում եմ, որ աստեղ ամեն ինչ բարեկարգ է, նոր շինարարություններ են տեղի ունենում, երկիրը զարգանում է: Սա ուղղակի հիանալի է: Ստեփանակերտը այնպիսի խնամված քաղաք է, ինչպես ասենք Երևանը կամ Թբիլիսին, դա նույնպես հիանալի է»,- նշեց ռուս բլոգերը:

Լապշինի դեպքը Նոսիկը համարեց սարսափելի և անունդունելի:

«Ստացվում է, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացին ռուսաստանում և Իսրայելում պետք է ապրի Ադրբեջանի օրենքներով, այդ դեպքում ինչի չի ապրում  Իրաքի կամ Հյուսիսային Կորեայի օրենքներով: Սա միջազգային իրավունքի տեսանկյունից անընդունելի է»,- նշեց բլոգերն ու հավելեց, որ Լուկաշենկոն Բաքվի հետ այս տեսանկյունից հարաբերությունները կառուցում է նավթի և գազի հետաքրքրությունների շրջանակում, այլ ոչ թե խոսքի ազատության արժեքի տեսանկյունից, հասկանալի է, թե ինչու հունգարները արտահանձնեցին Սաֆարովին:

«Ես չեմ պատրաստվում այդ նավթային հետաքրքրությունները հաշվի առնել, Ալևների կլանի հետ էլ ոչ մի կապ չունեմ, որ մտածեմ ինչպես արտահայտվեմ իրենց մասին, կամ իրենց ռեժիմի մասին»,- նշեց Նոսիկը:







Գլխավոր լուրեր