Հայրենիքին պիտի վերադարձնենք արդարությունն ու ազատությունը. Արմեն Մարտիրոսյան


20-03-2017 14:39:41

Մենք հայտարարելու ենք ընդհանուր համաներում, մեր իշխանության ժամանակ «Սասնա ծռերն» ազատ են արձակվելու։ Այս մասին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը։

«Հայաստանում տարիներ շարունակ անգամ փոքր սոցիալական հանցագործությունների համար տալիս են առավելագույն պատիժ՝ բանտերը լցնելով մեր քաղաքացիներով, նրանց օգտագործելով նաև ընտրակեղծարարության համար․նրանց հարազատներին փորձում են համոզել, որ կազատեն, համաներում կկիրառեն, եթե աջակցեն, ընտրեն հանրապետականներին, և հակառակը՝ բոլոր նրանք, ովքեր բյուջեից գողացել են միլիոնավոր դոլարներ, մնում են իշխանության մեջ, առաջխաղացում են ունենում»,-շեշտեց նա։

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ այդ գողացված գումարներով հնարավոր էր բանակը ապրիլին անհրաժեշտ սպառազինությամբ ապահովել, սոցիալական խնդիրներ մեղմել։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի խոսքով ՝ Հայաստանին թմբուկ նվագող, անեկդոտ պատմող վարչապետ պետք չէ, անհրաժեշտ է գործ անել։ Նրա դիտարկմամբ՝ իրենք կարևոր առաքելություն ունեն․«Մեր հայրենիքին պիտի վերադարձնենք արդարությունն ու ազատությունը, իսկ պայքարից հոգնելու, հիասթափվելու իրավունք չունենք»։

 







Գլխավոր լուրեր