Ես 100 տոկոս վստահ եմ, որ իշխող ուժը 5 տոկոսի շեմը չի հաղթահարի, եթե արդար ընտրություններ լինեն. Օսկանյան


20-03-2017 13:46:54

Հայաստանում իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, չի կարող  հաղթահարել 5 տոկոսի շեմը, եթե  փող շրջանառության մեջ չդնի, կրկնակի քվեարկություն չանի եւ ընտրողներին չվախեցնի: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Արագածոտնի մարզի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Ակնհայտ է, որ իշխող ուժը բավարար ձայներ չունի ոչ կոալիցիոն կառավարություն կազմելու, առավել  եւս ինքնուրույն շարունակելու իշխել: Ես ներքին համոզմունք ունեմ, որ եթե ազատ, արդար ընտրություններ լինեն, այսինքն՝ փող շրջանառության մեջ չդնեն, ու մարդկանց չստիպեն, չվախեցնեն, կրկնակի քվեարկություն չանեն, 5 տոկոսի շեմը չի հաղթահարի, ես հարյուր տոկոս վստահ եմ դրանում»,-հայտարարեց նախկին արտգործնախարարը: 

Վարդան Օսկանյանը նշեց, որ լավագույն դեպքում ՀՀԿ-ն կարող է ունենալ 30 տոկոս ձայն, ինչը հնարավորություն է տալիս իշխանությանն ուղարկել  ընդդիմության տեղը: 

«Բայց գիտենք, որ նրանք ամեն ինչ անելու են բարձր թիվ հավաքելու համար, բայց նույնիսկ էս պայմաններում ուղղակի  անհնար է, որ նրանք կարողանան 25 տոկոս,  լավագույն դեպքում 30 տոկոսից ավել հավաքել,  փաստորեն, այնտեղ 70 տոկոս է մնալու, որ հնարավոորւթյուն կտա  երկու կամ երեք քաղաքական ուժերի համախմբվել ու կառավարություն կազմել, իսկ  իշխող ուժին ուղարկենք ընդդիմություն»,-ասաց Վարդան Օսկանյանը՝ կոչ անելով, որ  կեղծիքով ընդունած   Սահմանադրությունն օգտագործել իշխանության դեմ: 

«Սահմանադրությունը այդ հնարավորությունը տալիս է: Այն Սահմանադրությունը, որ գնացին ամեն գնով ընդունելու, կեղծեցին հանրաքվեն ու պարտադրեցին, եկեք այդ Սահմանադրությունն օգտագործենք նրանց ձեռքից իշխանությունը վերցնելու համար»,-հայտարարեց «Համախմբում» կուսակցության առաջնորդը:







Գլխավոր լուրեր