Քարոզարշավը բավական ակտիվ է ընթանում. Հրանտ Բագրատյան


20-03-2017 13:37:06

Քարոզարշավն ընթանում է բավականին ակտիվ: Քաղաքի հատկապես կենտրոնը դեռևս մնում է չկաշառված օազիս, մնացածները կաշառված են: Կոնկրետ երկու ուժեր, որոնցից մեկը ներկայանում է որպես իշխանություն, մյուսը՝ որպես ընդդիմություն, քաղաքի ծայրամասերում ցուցակագրում են մարդկանց և ընտրակաշառք բաժանում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Հրանտ Բագրատյանը:

«Մարդիկ խորը համակրանք ունեն մեր ծրագրերի նկատմամբ: Մենք կարողանում ենք նրանց համոզել՝ ինչպես կարելի է ստեղծված վիճակից դուրս գալ: Մենք քարոզում ենք ազատ տնտեսություն, ազատ հարաբերություններ: Ազատ դեմոկրատների ծրագիրը միակ ծրագիրն է, որը սկզբում նախանշում է ռեսուրսները, այնուհետ անելիքները: Միաժամանակ, մարդիկ նկատել են, որ մենք շատ ժլատ ենք մեր խոստումներում և կենասթոշակները բարձրացնելու ծրագրին զուգահեռ, օրինակ, չենք խոսում աշխատավարձերի բարձրացման մասին: Ինչո՞ւ.  որովհետև համապատասխան միջոցներ չկան: Մենք չենք եկել հաճոյանալու, մենք բեմի վրայով քայլող մոդելներ չենք, որ մերկանանք»,- ասաց նա:

Հրանտ Բագրատյանը գերադասեց որևէ կարծիք չհայտնել վերջին շրջանում սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ, որոնք անցկացվել են մինչ այժմ՝ պարզելու որ քաղաքական ուժերը կանցնեն ԱԺ և որոնք՝ ոչ:

Պատգամավորության թեկնածուն շեշտեց, որ Ազատ դեմոկրատները մրցակցում են ՀՀԿ-ի հետ: Վերադառնալով ընտրակաշառքի թեմային, նա տեղեկացրեց, որ բաժանվող ընտրակաշառքների մասին կոնկրետ փաստեր ունի: Իսկ պատրաստվո՞ւմ է իրավական ընթացք տալ գործընթացին, հետաքրքրվեցին լրագրողները:

«Ընտրակաշառքների հարցով դատարան պատրաստվում ենք դիմել իշխանության գալուց հետո, երբ կփոխվեն ուղիղ 450 դատավորներ: Սերժ Սարգսյանի բոլոր դատավորներից պետք է ազատվենք՝ հանուն մեր երխաների ապագայի: Թքած ունեմ՝ ինչ կասեն մյուսները, եթե կաշառքի մասին այս պահին հաղորդում չներկայացնենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Բանախոսն ընդգծեց, որ Ազատ դեմոկրատները դեմ չէ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին, բայց միայն մեկ դեպքում. եթե Հայաստանը դրանից կուժեղանա. «Այդ հարաբերությունները պետք է դառնան գործընկերային՝ պահպանելու մեր բոլոր գործառույթները, այլ տեսակի հարաբերություններ մեզ պետք չեն»:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ Հրանտ Բագրատյանը նշեց, որ բացի երկու բուհից՝ Հայաստանում ամերիկյան և սլավոնական համալսարաններից՝ բոլոր մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում համատարած կաշառակերություն է: Ըստ նրա՝ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ նաև ոստիկանության բնագավառում:

«Այդ փոփոխությունների արդյունքում Լևոն Երանոսյանին հաստատ ոստիկանությունում չեք տեսնի: Երկիրը հիվանդ է քաղցկեղով, բայց բարեբախտաբար այն վիճակում է, որ հնարավոր է փրկել»,- ամփոփեց պատգամավորության թեկնածուն՝ արտահայտվելով նաև մարմնավաճառության օրինականացման, այդ «մասնագիտությունը» հարկման դաշտ բերելու օգտին:







Գլխավոր լուրեր