Կուսակցությունների՝ պաշտպանության և զինված ուժերի վերաբերյալ ծրագրերը


20-03-2017 11:21:15

 

Ներկայացվում է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերը:

Շարքից բացակայում է Հայաստանի կոմունիստական կուսակցության ծրագիրը՝ համացանցում չլինելու պատճառով: Մեկ էջում կներկայացնենք բոլոր ուժերի՝ նույն ոլորտին վերաբերող դրույթները:

Մինչ այս, ներկայացրել ենք արտաքին քաղաքականությանը և Արցախին, ինչպես նաև տնտեսությանը վերաբերող դրույթները:  

Շարունակելով շարքը` ներկայացնենք բանակի և զինված ուժերի վերաբերյալ կուսակցությունների և դաշինքների ծրագրերում տեղ գտած կետերը, սկզբունքներն ու դրույթները: Հերթականությունն ընտրել ենք՝ նկատի ունենալով քվեաթերթիկում հերթական համարը:

 

1. Զինված ուժեր

ա) Սպաների համար նախատեսված բնակարանաշինությունը կհայտարարվի պետական առաջնահերթություն, և բնակա-րանաշինության տեմպերը առնվազն կեռապատկվեն. կքննարկվի վարձված բնակարանների համար սպաներին տրվող փոխհատուցման դրամագլուխը հիփոթեքային նպատակներով օգտագործելու հնարավորությունը:

բ) Առաջնագծում մարտական հերթապահություն կիրա-կանացնեն միայն պայմանագրային զինծառայողներ՝ հատուկ աշխատավարձով: Այս ծրագրի ամբողջական իրագործումը տեղի կունենա հինգ տարվա ընթացքում:

գ) Պարտադիր զինվորական ծառայություն անցնող անձինք կստանան ոչ միայն զինվորական, այլև քաղաքացիական կրթություն, այնպես որ, բանակից զորացրվելիս նրանց կրթական ցենզը էականորեն գերազանցի բանակ զորակոչվելիս նրանց ունեցած կրթական ցենզին:

դ) Կձևավորվի քաղաքացիական-ռեզերվային բանակ. քաղաքացին նախապես տեղեկացված կլինի, թե հնարավոր մոբիլիզացիայի դեպքում ինքը ո՞ւր պետք է ներկայանա, ո՞ր զորամիավորում պետք է զորակոչվի, ո՞վ է իր անմիջական հրամանատարը: Քաղաքացիներին պետք է նաև ամրակցվի զենք, որը կպահվի համապատասխան զինկոմիսարիա-տում կամ մոտակա զորամասում, կամ համայնքային հատուկ պահպանվող տարածքներում: Տարին երկու անգամ մոբիլիզացիայի ենթակա յուրաքանչյուր քաղաքացի կմասնակցի զորախաղերի:

ե) Միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման արդյունքում էականորեն կբարելավվի բանակի սննդի, հագուստի որակը, ինչի արդյունքում զինծառայողների ծնողները ստիպված չեն լինի այդ ամենով իրենց զավակներին ապահովելու համար ծախսեր իրականացնել:

զ) Կերաշխավորվի զինվորական պարտականությունների կատարման ժամանակ առողջական խնդիրներ ձեռք բերած պայմանագրային զինծառայողների՝ զինված ուժերի հա-մակարգ վերադարձի հնարավորությունը՝ տրամադրելով խելամիտ հարմարեցումներ, իսկ առողջական խնդիրներ ձեռք բերած նախկին ժամկետային ծառայողները կապահովվեն անհրաժեշտ ծառայություններով՝ առանձնահատուկ ու-շադրություն դարձնելով շարունակական կրթությանը և զբաղվածությանը:

 

 

Պաշտպանություն և բանակի արդիականացում

1. Ստվերի կրճատման հաշվին կրկնապատկել պաշտպանության ոլորտի ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձերը, զինվորականության և արցախյան ազատամարտի մասնակիցների համար ընդլայնել սոցիալական արտոնություններն ու կենսական հանրային ծառայությունների մատչելիությունը:

2. Սահմանային հենակետերն ու ենթակառուցվածքները ապահովել հայրենական արտադրության ու ձեռքբերված նորագույն սարքավորումներով, զինվորի ծառայությունը դարձնել ոչ միայն արժանավայել, այլ նաև անվտանգ:

3. Բանակի արդիականացման հայացակարգի կարևորագույնը տարր է աստիճանական անցումը պրոֆեսիոնալ բանակի՝ հաշվի առնելով առանձնահատկություններով ու միջավայրով Հայաստանին նման պետությունների փորձը:

4. Հայկական զինված ուժերը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին, շեշտակի բարձրացնել նրա կարողություններն ու մարտունակությունը, այդ թվում՝ միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցության ճանապարհով: Ուժեղացնել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը, բանակ-հասարակություն կապը:

5. Բացահայտել ՀՀ Զինված ուժերում տեղի ունեցած հանցագործություները, այդ թվում ոչ մարտական պայմաններում զինվորների և սպաների մահվան հանգամանքները, անցկացնել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ տեղ գտած բացթողումների ու սխալների բազմակողմանի, համալիր և թափանցիկ հետաքննություն:

6. Վերանայել և առավելագույնս վերահսկելի դարձնել պաշտպանության ոլորտում գնումների գործընթացը՝ բացառելով յուրացումները, չարաշահումները և կոռուպցիոն գործարքները:

7. Վերանայել սպառազինությունների ձեռքբերման հայեցակարգը՝ շեշտը դնելով ռազմավարական զինատեսակների ձեռքբերման կամ Հայաստանում համատեղ արտադրության վրա, այդ թվում՝ ոչ ՀԱՊԿ անդամ երկրներից ու նրանց հետ:

8. Վերանայել ՀԱՊԿ շրջանակներում ընդունված մի շարք բազմակողմ պայմանագրեր, որոնք վավերացվել են առանց Հայաստանի համար կենսական ու անվտանգության զգայուն խնդիրներով փոխադարձ շահերը բազմակողմանիորեն հարգելու ու վտանգները չեզոքացնելու մասին վավերապայմանների:

9. Վերանայել անվտանգության ոլորտում այլ՝ ոչ ՀԱՊԿ անդամ երկրների հետ հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը և ինքնիշխանությունը արգելափակող խոչընդոտները:

10. Զարկ տալ ռազմաարդունաբերական համալիրի զարգացմանը՝ այդ թվում առաջատար երկրների հետ համատեղ նախագծեր կյանքի կոչելով:

 

Աստիճանական անցում պրոֆեսիոնալ և վարձատրվող բանակի: Պետական սահմանը պաշտպանող 18 տարեկան երիտասարդների փոխարինում վարձատրվող պրոֆեսիոնալ զինծառայողներով:

 

Ուժային կառույցների ոլորտ

• Պաշտպանության ոլորտում առաջիկա 2 տարիներին կտրուկ ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը` ՀՀ կառավարության կողմից հաստատված հատուկ կարգով: Առաջնագծում զինվորական ծառայության առաջնահերթությունը վերապահել պայմանագրային զինծառայողներին:

• Առաջնագծում պետք է ծառայեն նաև ունևոր և բարձր պետական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաների զավակները։

• Յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեի ծախսային մասի 5%-ն ուղղել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը:

 

• Զգալիորեն բարձրացնել պայմանագրային զինծառայողների, սպաների և ենթասպաների աշխատավարձը։ «15 օր ծառայություն, 15 օր հանգիստ» գործող կարգի փոխարեն կիրառել «7 օր ծառայություն, 7 օր հանգիստ» կարգը:

 

ՄԵՐ ԼԻՆԵԼՈւԹՅԱՆ ԽԱՐԻՍԽԸ. ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Մեր պետության նկատմամբ ռազմական ցանկացած ոտնձգության կասեցումը կախված է մեր պաշտպանական ներուժի ճիշտ և նպատակասլաց զարգացումից՝ արհեստավարժության, կարգապահության, կազմակերպվածության, թափանցիկության և վերահսկելիության արդիական չափանիշներին համապատասխան: Մենք հստակ գնահատում ենք տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը և շատ լավ գիտենք ինչպես պատասխանել մեր անվտանգության հանդեպ ոտնձգություններին:

Մենք չենք մտնելու սպառազինությունների ինքնանպատակ մրցավազքի մեջ: Դրանում որևէ իմաստ չենք տեսնում: Դրա փոխարեն լավ պատկերացնում ենք մեր զինված ուժերի առջև դրված խնդիրները: Մեր ռեսուրսները լիովին բավարարում են այդ խնդիրները լուծելու համար:

Մենք շարունակելու ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ հայրենական արտադրության։ Այս ուղղությամբ շատ կարևոր արդյունքներ ունենք, որոնք գալիք տարիներին միայն ավելանալու են։ Մեր բանակի արդիականացման ճանապարհին մենք ոչ մի միջոց չենք խնայելու:

Որևէ զենք կամ սպառազինություն ինքնին չի կարող լուծել մարտական գործողության ելքը: Հայկական բանակի դեմքը հայ զինվորն ու սպան են, որ բազմիցս ապացուցել են՝ մարտի դաշտում որոշիչը ոգին է, զենքը գործածելու կարողությունն ու մղումը, կամքը, խիզախությունը, վճռականությունը, արժանապատվության զգացումն ու առաքինությունը: Հայաստանի զինված ուժերը պետք է լինեն աշխարհում լավագույններից մեկը: Դրա համար մենք ունենք ամենակարևոր նախադրյալը՝ անփոխարինելի հարստությունը, որ մեր քաջարի զինվորներն ու սպաներն են: Մեր ջանքերի հսկայական բաժինը շարունակելու է ուղղվել զինված ուժերի անձնակազմի բարոյակամային հատկանիշների, մասնագիտական հմտությունների, մարտավարական ունակությունների հետագա կատարելագործմանը:

Ժամկետային ծառայության զինվորները մեր երկրի ապագան են, նրանք մեր ապագա նախարարներն ու վարչապետներն են, մեր գիտնականներն ու գործարարները, մեր դեսպաններն ու մարզպետները: Բանակային փորձառություն՝ գումարած բարձրագույն և որակյալ կրթություն. սա մեր վաղվա հասարակությունն է, որ ձևավորվում է արդեն այսօր՝ բոլորիս աչքի առաջ:

Մտավորականության մի նոր ու հզոր շերտ է ձևավորվել մեզանում, ինչը նախկինում չկար: Այդ շերտը մեր սպայակազմն է, որը դառնում է մեր էլիտայի արժանավոր հատվածը: Ազգի մտավոր և պաշտոնական վերնախավի մաս կազմելը պետք է լինի մեր ամենաառաջադեմ և կիրթ պատանիների ցանկությունը: Սպան հեղինակություն է վայելում հասարակության մեջ, քանի որ նրա կենսագրությունը պատմություն է կյանքում հաջողակ լինելու մասին:

Սպաների՝ հատկապես երիտասարդ սպաների պաշտոնեական առաջխաղացման գործընթացի մշտական կատարելագործումը մեր գերակայություններից է։ Բանակը պետք է դառնա արդարության չափանիշ մեր հասարակության մեջ։ Սրան են ուղղվելու մեր քայլերը։

Բանակը միաժամանակ կարող է դառնալ տնտեսության շարժիչ ուժը, տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը: Բանակը երկրի խոշորագույն սպառողներից մեկն է, ուստի այն չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի տնտեսական առաջընթացի վրա:

Մեր զինված ուժերի կարիքների բավարարմանն ուղղված միջոցները, որքան հնարավոր է, պետք է ծախսվեն Հայաստանում. սննդից մինչև շինանյութ, սպառազինությունից մինչև ծրագրային ապահովում, այլ ապրանքներ ու ծառայություններ, որոնց կարիքը բանակն ունի: Մենք հնարավորինս առավելություն ենք տալու հայկականին՝ ակնկալելով, որ այդ կերպ երկրում ավելացված արժեք կստեղծվի: Խոսքն առաջին հերթին վերաբերում է բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որտեղ ստեղծվող նորարարությունների հիմնական պատվիրատուներից մեկը հենց բանակն է: Հայ մասնագետներն ունակ են գտնելու ժամանակակից պահանջները բավարարող լուծումներ, և բանակը պետք է օգուտներ քաղի այդ լուծումներից:

Եվ ամենակարևորը. կոռուպցիան արմատախիլ պետք է անել զինված ուժերից, և բանակի անձնակազմը վերջնականապես պետք է ձերբազատվի առօրյա սոցիալական խնդիրներից` հիմնական ուժերը կենտրոնացնելով մարտունակության և սեփական գիտելիքների շարունակական բարձրացման վրա։ Սա թիվ մեկ խնդիրն է, որի ուղղությամբ վերջին շրջանում էական ձեռքբերումներ ունենք, և որը մենք հիմնովին լուծելու ենք գալիք տարիների ընթացքում։

 

Բանակ

Մեր պետության 25 տարվա ամենամեծ ձեռքբերումն իսկապես հայկական բանակն է՝ մեր երկրի ռազմական անվտանգության ապահովման միակ երաշխավորը։ Այն իր հաղթանակների շնորհիվ ձեռք է բերել տարածաշրջանի ամենամարտունակ բանակի համբավը: Բանակն այսօր պատրաստ է լուծել իր առջև դրված խնդիրները՝ պաշտպանել մեր սահմանները և անհրաժեշտության դեպքում պատժիչ գործողություններով հակառակորդին պարտադրել հրադադար և ապահովել մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղություն։

Մինչ օրս որոշ հաջողություն ենք ունեցել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանվածության ոլորտում։

• Ներդրվել է նորակոչիկների բաշխման վիճակահանության սկզբունքը, ինչը լրջագույն փոփոխություն էր զորակոչի ոլորտում,

• հատուկ ուշադրություն է դարձվել բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների առջև բանակի դռների բաց լինելուն՝ հիմքում ունենալով «համաժողովրդական բանակի» գաղափարը։

 

Անշուշտ, բանակը, ինչպես ցանկացած օրգանիզմ, խնդիր ունի է՛լ ավելի կատարելագործվելու: Արմատապես պետք է վերանայել բանակի տեղն ու դերը մեր հասարակությունում։ Այն, բացի ռազմականից, պետք է կատարի կրթական գործառույթ, ինչպես նաև նպաստի տնտեսության զարգացմանը՝ բացի խաղաղություն ապահովողից դառնալով յուրօրինակ շարժիչ ուժ տնտեսության համար։

Մեր բանակի մարտունակության բարձրացման, արդիականացման և տարածաշրջանում հավասարակշռությունն ապահովելու, ինչպես նաև խաղաղություն պարտադրելու նպատակով անհրաժեշտ է

• բանակն աստիճանաբար համալրել արհեստավարժ ստորաբաժանումներով, բարձրացնել նրանց աշխատավարձը՝ սկզբնական շրջանում հասցնելով 240 հազար դրամի,

• բարձրացնել սպայական և ենթասպայական կազմի աշխատավարձը,

• ապահովել բանակի անհրաժեշտ ու մրցունակ սպառազինության և նյութատեխնիկական հագեցածության բարձր աստիճան,

• հավասարակշռված արտաքին քաղաքականության արդյունքում խորքային համագործակցություն հաստատել միջազգային ուժային կենտրոնների հետ՝ ապահովելով Հայաստանի անվտանգությունը:

 

Զինվորական կառավարման ժամանակակից մեթոդների ներդրման և անձնակազմի կրթական մակարդակի բարձրացման միջոցով

• նվազագույնի հասցնել ոչ կանոնակարգային հարաբերությունների գոյությունը բանակում, բանակում ծառայելը և զինվորական լինելը պետք է դառնան գրավիչ և պատվաբեր, այլ ոչ թե բացառապես ընկալվեն որպես ծանր պարտականություն:

Բանակի հզորացման, զարգացման համար անհրաժեշտ է զարգացնել բանակահենք տնտեսությունը՝ կառուցելով այն բարձր տեխնոլոգիաների և ժամանակակից գիտելիքների վրա:

Ուժեղ բանակ ունենալու համար անհրաժեշտ է ժամանակակից և առողջ տնտեսություն:

 

• Ազգ-բանակ հայեցակարգի տրամաբանությամբ զարկ տալ հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծմանը: Հակառակորդն ունի նավթային դոլարներ, մենք ունենք տաղանդավոր գիտնականներ, գյուտարարներ, ինժեներներ:

• Խրախուսել պրոֆեսիոնալ-կամավոր զինվորական ծառայության շրջանակի ընդլայնումը: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված երիտասարդ զինվորի կողքին միշտ պետք է կանգնած լինի պրոֆեսիոնալ զինվորականը:

• Սպաների ու պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը համապատասխանեցնել արժանավայել ապրուստի պահանջներին: Սպան ու զինվորը, ովքեր ամեն օր իրենց կյանքը վտանգի են ենթարկում, չպետք է նյութական նեղություն զգան:

Yerevan.Today







Գլխավոր լուրեր