Սերժ Սարգսյանը՝ Միշիկի ձեռքը բռնած կփախչի


01-02-2017 15:47:59

 Շուրջ տասը տարի է` «ընտրություն» կոչված գործընթացի անվան տակ իշխանությունները սեփական ժողովրդի հանդեպ գործում են ամենամեծ հանցագործությունը։ Մարդկանց զրկում են ամենակարևորից՝ ընտրելու հնարավորությունից։ Սա կարծես քիչ է, հիմա էլ գործող իշխանությունը լծվել է հանրությանը համոզելու գործին, որ իրենից ոչինչ կախված չէ, ինքը չի որոշում, Սերժ Սարգսյանը որքան ուզի, այնքան «կխփի»։ Սա ամենավտանգավոր և ամենակործանարար ազդեցությունն է ունեցել վերջին տարիներին, քանի որ հանրությունը համակերպվել է այն մտքի հետ, որ, այո, իր ձայնը ոչինչ է, ինքը արժեք, կարևորություն չունի իր երկրում։ Սրանից ավելի մեծ հարված ժողովրդի թիկունքին, դժվար է պատկերացնել։ Սակայն Սերժ Սարգսյանի ու նրա թիմի հաշվարկներն այս անգամ, կարծես, այնքան էլ ճշգրիտ չեն։ Վտակներից ու մայր գետից խոսող Սերժ Սարգսյանը (ի դեպ, աշխարհագրագետները արդեն մի քանի օր է` փորձում են գիտական բացատրություն տալ ՀՀԿ նախագահի բերած համեմատությանը, բայց առայժմ չեն կարողանում գտնել պատասխանը) մոռանում է, որ մարդկանց համբերության բաժակը պռնկեպռունկ լցվել է, իսկ գարունն էլ մոտենում է, հանկարծ ու... վարարած գետը կարող է իրեն էլ, սեփական թիմին էլ այնպես քշել-տանել, որ հետքերն անգամ չգտնվեն։ Այս ամենին զուգահեռ Սերժ Սարգսյանի մանկլավիկները մեղադրում են հանրությանը, թե ընտրակաշառք են վերցնում։

Ոչ ոք, իհարկե, չի ժխտում, որ իսկապես կան մարդիկ, ովքեր իրենց ապագան, հանուն օրվա մի կտոր հացի, վաճառում են մի քանի հազար դրամով։ Այդ մարդկանց ներկան այնքա՜ն թշվառ ու անգույն է, այնքա՜ն խեղճ ու ողբալի... իսկ իշխանությունը կարողանում է հանցագործ անտարբերությամբ նայել այդ ամենին ու խաղալ մարդկանց զգայուն լարերի վրա։ Այդ մարդկանց համար հինգ կամ տասը հազար դրամը խիստ կենսական անհրաժեշտություն է։ Իսկ Սերժ Սարգսյանը, օգտվելով մարդկանց այդ թշվառ, ողորմելի, չարքաշ վիճակից, փորձում է նրանց փողով գնել ու համատարած գորշություն տարածել։ Մինչդեռ այս ընտրությունները խիստ ինքնատիպ են, դերակատարներն են ուրիշ։ Ընդդիմադիր դաշտում հայտնվել են մարդիկ, ովքեր ամբողջովին խառնել են Սարգսյանի ու նրա ապաշնորհ սանի՝ Միշիկի ծրագրերը։ Հանրությունը պարտավոր է սև ու սպիտակի այս պայքարում հաղթող դուրս գալ, այլապես կկանգնի երկիրը կորցնելու փաստի առջև։ Այսօր անգամ ՀՀԿ-ում են հասկանում, որ Սերժ Սարգսյանը երկիրը կործանման է տանում, դրա համար էլ լքում են նրան ու հանգիստ խղճով հեռանում։ Իսկ իշխանական մեքենան գործի է դրվել` ամեն գնով սևացնելով նախկին պաշտոնյաներին, որոնք այսօր տեսնում են Սերժ Սարգսյանի իրականացրած աղետի ծավալներն ու փորձում են այդ ամենի դեմն առնել։ Եվ պատահական չէ, որ իշխանական, ավելի ստույգ, Միշիկին սպասարկող լրատվամիջոցները բոլոր հնարավոր ու անհնար ձևերով, արհեստածին լուրերով ու զրպարտություններով փորձում են վարկաբեկել Սեյրան Օհանյանին, Վիկտոր Դալլաքյանի և նրանց շուրջը ձևավորվող քաղաքական ուժին։ Մարդիկ, ում համար հայրենիքն ու հայ ժողովուրդը բարձր արժեք են ու նրան ծառայելը՝ սպայի պատասխանատվություն, չի կարող ընդունելի լինել Սերժ Սարգսյանի և նրա «գործիքի»՝ Միշիկի համար։ Օհանյանի թիմում հավաքվել են մարդիկ, ովքեր չեն կարող անտարբեր լինել հայ ժողովրդի ճակատագրի, նրա պատմական գոյության ապահովման հանդեպ։ Իսկ այն «ցեխը», որ անհաջող շպրտում են պատվեր կատարող լրատվամիջոցները (ժողովրդին այս թշվառ վիճակին հասցնելու նրանց մեղքը իշխանության գործած մեղքից պակաս չէ), կարելի է շատ հանգիստ ուղղել նրանց տերերին և, առաջին հերթին, Սերժ Սարգսյանին, ով ՀՀ-ում կատարված գրեթե բոլոր մութ գործերի, սպանությունների ժամանակ պատասխանատու պաշտոն է զբաղեցրել։

Ուրեմն ինչո՞ւ երբևէ բացատրություն, պարզաբանում չի ներկայացրել հանրությանը, թե որքան է իր պատասխանատվության չափը։ Շատ պարզ պատճառով. փորձում է սլաքն իրենից հեռու տանել՝ թիրախավորելով իր անցյալի մասին քաջատեղյակ անձանց, ովքեր ցանկանում են վերջապես երկիրն ազատագրել սերժսարգսյանական ամոթալի դարաշրջանից։ Ի դեպ, մի յուրահատուկ «մեղադրանք» է շրջանառվում Սեյրան Օհանյանի թիմի և մյուս ընդդիմադիր ուժերի շուրջ, թե դրանք իշխանական պրոյեկտ են։ Բնականաբար, լրատվամիջոցներն անմիջականորեն Միշիկի պատվերն են կատարում։ Մի կողմ թողնելով նման անհեթեթ լուրերի պարբերաբար «տիրաժավորումը», փաստորեն, Միշիկը ևս ընդունում է, որ սեփական աները՝ Սերժ Սարգսյանը, այնքան արժեզրկված է, որ նրա պրոյեկտ համարվելը մահացու մեղք է, իսկ հանրությունն էլ քաղաքական միավորների թիկունքում Սերժ Սարգսյանի հետքը տեսնելով, կարհամարհի նրանց։ Փայլուն ինքնախոստովանություն։ Այսօր արդեն ընդդիմադիր դաշտում, միշիկները ուզեն, թե չուզեն, կա փորձառու մարդկանց մի խումբ, որը կարող է իրավիճակ փոխել։ Դրա համար անհրաժեշտ է, որ հանրությունը դուրս գա այս ապատիայից և ստանձնի վարչակազմի ոչնչացման գործը, տեր կանգնի իր երկրին, աջակցի դրանով մտահոգված ուժերին ու անձանց, փոխի կրավորական, անհույս վիճակը, հավատա, որ իսկապես իրենից է կախված, թե երկիրն ինչ զարգացման ուղի կընտրի։ Եթե այս անգամ էլ քաղաքացին ձեռքերը լվանա ու մի կողմ քաշվի, դառնա դիտորդ, ոչ մասնակից, ապա մեր երկրի ղեկը կրկին կանցնի քանդող-թալանող մարդկանց ձեռքը, որոնց երեսից, արդեն մեկ տասնամյակ է, տուժում ենք։ ՈՒրեմն ի՞նչն է խանգարում համախմբմանը, միմյանց սատարելուն և երկիրը երկիր դարձնելուն։ Ընդդիմության անհաջողություննե՞րը, վա՞խը... Նախ` այսօր լիովին այլ իրավիճակ է ստեղծվել քաղաքական դաշտում, ասել է՝ երկիրը դրսից ու ներսից այսքան թույլ ու խոցելի երբևէ չի եղել, իշխանության հանդեպ ատելության չափն անասելի է, աղքատությունն ու սոցիալական վիճակն այսպիսի տխուր վիճակագրություն երբևէ չեն ունեցել, իսկ իշխանական թվացյալ բուրգը երբեք այսքան երերուն չի եղել։ Ժամանակն է, որ մարդիկ իրենցից վանեն տարիներ շարունակ իրենց տանջող, անհուսության, անճարության կպչուն մտքերը, ոտքի կանգնեն ու սեփական ձեռքերով կառուցեն իրենց երկիրը։ Ժողովուրդը լավ խոսք ունի. «Գյուղ կանգնի, գերան կկոտրի»։ Իսկ վախի մթնոլորտը հանրությունը պետք է վաղուց հաղթահարած լինի, քանի որ այլևս կորցնելու բան չունի. ինչ ուներ, արդեն յուրացրել են իշխանությունը զավթած մի քանի անկուշտ-ագահներ։ Թերևս կա մի հանգամանք, որը պետք է իրենց ձեռքը վերցնեն ընդդիմադիր դաշինքները. հասարակությանը ճիշտ իրազեկելը, սադրանքներից հեռու պահելը և համախմբելն ու կրկին համախմբելը։

Այսպիսի իշխանությունից ազատվելը, թվում է, պետք է շատ հեշտ լինի, քանի որ չնչին պատճառ անգամ չկա նման իշխանություն պահելու համար, ինչու պետք է մեր հարկերի, երկրի հարստության յուրացման հաշվին պահել մի իշխանություն, որը մշտապես ինքնիշխանությունը զիջելու ճանապարհով է առաջ գնում։ Ինչո՞ւ պիտի ժողովուրդը պահի մի հիվանդ օրգան, եթե կարող է վիրահատական միջամտությամբ կտրել ու դեն նետել։ Իսկ երբ ժողովուրդը հասկանա իր առաքելությունը և միահամուռ ոտքի կանգնի, այդ ժամանակ էլ վախն ո՞ւմ շունն է։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը՝ Միշիկի ձեռքը բռնած, այնպե՜ս կփախչի, որ հանկարծ ժողովրդի ձեռքը չընկնի։

Երրորդ հանրապետություն կուսակցության կանանց խորհրդի ղեկավար <Հանուն Ժողովրդավար Հայաստանի> ՀԿ նախագահ

Արմենուհի Սաղաթելյան


72821





Գլխավոր լուրեր