Սերժ Սարգսյանը բաժանել է Հայաստանը


13-01-2017 15:43:42

Սահմանադրական փոփոխություններից ու հատկապես Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մոտ իրենց ապագայի նկատմամբ անորոշության ու դրանից բխող վախի զգացողություն առաջացավ:

Ռեյտինգային ընտրակարգը շատերի համար անհասկանալի ու վտանգավոր է թվում, քանի որ ի տարբերություն նախկին ընտրությունների, հիմա նույն ընտրատարածքում գործող իշխանությունը միանգամից մի քանի թեկնածու է առաջադրելու ու պաշտպանելու: Հենց այդ պատճառով Հանրապետական խմբակցության անդամների մոտ պարզ հարց առաջացավ. եթե թեկնածուները բազմաթիվ են լինելու, այդ դեպքում ու՞մ համար է աշխատելու վարչական ռեսուրսը, ու՞մ օգտին են քվեարկելու մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղապետարանների, ոստիկանության, դատախազության, հարկադիր կատարման, սոցիալական ծառայության, ջրային տնտեսությունների ու մնացած պետական հաստատությունների աշխատակիցները:

Ի՞նչ կլինի, եթե հանրապետական մի թեկնածուն սկսի աշխատել ավանդաբար մյուսի տարածքը համարվող գյուղում կամ թաղում, արդյո՞ք դա չի հանգեցնի ներկուսակցական բախումների:Եվ ամենակարևորը՝ ու՞մ համար է աշխատելու կեղծիքների մեքենան. ո՞ր թեկնածուի օգտին են իրականացվելու ընտրակեղծիքները, ու՞մ օգտին են քվեարկելու մեռած հոգիներն ու կրկնաքվեարկողները:

Այս հարցերի պատասխանը մինչև այսօր տրված չէ, չնայած ինչ- որ հստակեցումներ արդեն արվում են: Սեփական կուսակցության ներսում պատերազմները բացառելու և համերաշխության ու արդարության մթնոլորտը պահպանելու համար կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է բոլոր 13 ընտրատարածքները արդարաբար բաժանել Հանրապետական թեկնածուների միջև: Այսպես, օրինակ եթե ընտրատեղամասը ունի միջինը 200 հազար ընտրող, ապա իշխանությունը այն բաժանում է 5 հավասար մասի՝յուրաքանչյուրում 40 հազարական ընտրող: Յուրաքանչյուր տարածք տրվում է Հանրապետական մեկ թեկնածուի և նա համարվում է այդ տարածքում իշխանության դաբրոն ստացած թեկնածուն: Սա նշանակում է, որ այդ տարածքում վարչական ամբողջ ռեսուրսը աշխատում է այդ թեկնածուի օգտին, նա իրավունք է ստանում այդ տարածքում ընտրակաշառք բաժանել, ընտրակեղծիքները կազմակերպվելու են միայն նրա օգտին, և նա կարող է դիմել մնացած բոլոր այն մեթոդներին, որոնք կապահովեն իր հաղթանակը: Իսկ հաղթող է համարվելու այն թեկնածուն կամ թեկնածուները, ովքեր այդ ընտրատարածքում իրենց ստացած ձայներով կզբաղեցնեն առաջին և երկրորդ տեղերը: Հնարավոր է նաև երրորդ և չորրորդ, եթե Հանրապետականը որոշի 50 տոկոսի փոխարեն վերցնել խորհրդարանի տեղերի 75 կամ 100 տոկոսը, ինչը ևս բացառված չէ:

Արդարության և միմյանց դեմ պայքարը բացառելու համար, որոշված է, որ եթե անգամ թեկնածուն իրեն բաժին չհասած հատվածից ձայներ է ստանում, միևնույն է դա չի ազդում արդյունքի վրա: Իհարկե ԿԸՀ-ը դա հաշվում է որպես ՀՀԿ-ի և տվյալ թեկնածուի օգտին տրված ձայն, բայց քանի որ հաղթողը որոշվելու է Հանրապետականում, ապա հաղթողը որոշվում է միայն իրեն բաժին հասած հատվածից ստացած ձայների թվով: Մի կողմից թվում է, թե հարցը լուծված է, բայց ոչ ամբողջովին: Նախկինում համարվում էր, որ եթե Հանրապետականի անդամ թեկնածուն դաբրո է ստացել, ապա նրա պատգամավոր ընտրվելու հնարավորությունը 99.9 տոկոս էր, չհաշված այն դեպքերը, երբ դաբրոն կեղծ էր: Հիմա հինգ հոգի դաբրո են ստանալու, բայց ընտրվելու են միայն երկուսը: Իսկ ի՞նչ է լինելու այն մյուս երեքի հետ, ի՞նչ փոխհատուցում են ստանալու նրանք: Այս հարցը պարզ չէ: Բայց ամենակարևորը, ոչ մի հանրապետական թեկնածու մինչև ապրիլի 3-ը չի իմանալու՝ ինքը ընտրվելու՞ է պատգամավոր, թե ոչ: Այս անորոշությունը չափազանց ծանր հոգեբանական վիճակի մեջ է դրել կանխատեսելիություն սիրող հանրապետականներին: Երբ մենք խոսում ենք ընտրատարածքը հինգ մասի բաժանելու և հինգ թեկնածուի դաբրո տալու մասին, սա ամենևին չի նշանակում, որ ամեն ընտրատարածքում ՀՀԿ-ն ունենալու է հինգ թեկնածու:

Մյուսները մասնակցելու են հանուն կուսակցության, հանուն սիրելի Հանրապետականին ձայներ ապահովելու և ինչ- որ իմաստով Հանրապետականի դեմքը պահելու համար: Քանի որ դաբրո ստացած թեկնածուները լինելու են կրիմինալ օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ, իսկ սահմանադրական բարեփոխումների քարոզչության շրջանակներում ասվում էր, որ նոր Սահմանադրությունն ու նոր ընտրակարգը կոչված են քաղաքական համակարգի բարեփոխմանը, քաղաքական կուսակցությունների դերի բարձրացմանը, քաղաքական մրցակցության ձևավորմանը,ապա կուսակցությունների տարածքային ցուցակներում կլինեն տեղական ինտիլիգենցիայի ներկայացուցիչներ`գործող կամ թոշակառու ուսոցչուհիներ, կամ դպրոցի տնօրեններ, պարի կամ ասմունքի խմբակի դասատուներ և նման այլ անհեթեթություններ: Բայց նրանք կլինեն միայն ֆոն ապահովելու համար: Կլինեն նաև մարդիկ, ում վրա ձայն բերելու պարտավորություն կդրվի եղած պաշտոնը պահելու կամ ապագայում պաշտոն ստանալու խոստման դիմաց: Եվս մեկ նկատառում. այս համակարգը չի բացառելու ներքին մրցակցությունը: Յուրքանչյուր Հանրապետական իր հաղթանակը ապահովելու համար պայքարելու է ոչ միայն , որ շատ ձայն ստանա, այլ նաև որ ավելի շատ ձայն ստանա: Իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուր թեկնածու պայքարելու է, որ իր հակառակորդ Հանրապետականը ավելի քիչ ձայն ստանա՝ ոչ հրապարակային օգնելով նրա մրցակիցներին:

Ավետիս Բաբաջանյան


9778





Գլխավոր լուրեր